среда, 23 сентября 2015 г.

ՍԿՐԱԲՆԵՐ ԵՎ ՓԻԼԻՆԳՆԵՐ.

ոմանց կարծիքով՝ այս երկու կոսմետիկ միջոցները «մահացած» մաշկը հեռացնելու համար են։ Սակայն դա նրանց միակ դրական հատկությունը չէ։ Այս կոսմետիկ միջոցները ոչ միայն հեռացնում են մաշկի եղջերացած շերտը, այլև հարթեցնում և մաքրում են այն։ Սկրաբով և փիլինգով մաշկը մշակելու պարագայում բարելավվում է մաշկի շնչառությունն ու թթվածնային հագեցածությունը, ինչն էլ խթանում է նոր բջիջների աճը։

Եթե սկրաբն օգտագործում եք տնային պայմաններում, ապա մտապահե՛ք.
որքան մաշկը նուրբ և զգայուն է, այնքան սկրաբը պետք է մեղմ բաղադրություն ունենա։ Էնզիմային սկրաբները, որոնք հեռացնում են մաշկի եղջերացած շերտը, ինչպես նաև պարաֆինային և ակրիլային գնդիկներ պարունակող սկրաբներն ավելի նուրբ ազդեցության են։ Ծիրանի մանրացրած կորիզ պարունակող սկրաբները նախատեսված են ավելի դիմացկուն մաշկի համար։

Ունիվերսալ սկրաբ՝ նախատեսված մաշկի բոլոր տեսակների համար

2 թեյի գդալ սուրճի մրուրին ավելացնել 1 ձվի դեղնուց և հարել, այնուհետև հավելել 2-3 կաթիլ վարդի կամ եղեսպակի յուղ։ Ստացվածը քսել նախապես մշակված ձեռքերի մաշկին, մի քանի րոպե օվալաձև շարժումներով մերսել և ձեռքերը լվանալ տաք ջրով։
Գեղեցկության սրահների աշխատակիցներն իրենց հաճախորդներին առաջարկում են փիլինգի կամ դերմաբրազիայի մի քանի տարատեսակներ` մեխանիկական, քիմիական, գերձայնային և լազերային։
Առաջին տարատեսակն իր բնույթով մաշկի վրա ագրեսիվ ազդեցություն է թողնում, քանի որ հատուկ նյութերով մշակված սարքի միջոցով մաշկի արտաքին շերտն ամբողջությամբ հեռացվում է։ Շատ սրահներ հրաժարվել են դերմաբրազիայից` հաշվի առնելով այդ միջամտության վնասվածքներ թողնելու հավանականությունը։
Քիմիական փիլինգն ավելի խնայող է։ Վերջինիս ժամանակ մաշկը մշակում են տարբեր աստիճանի խտության ալֆահիդրոքսիդային թթվով։
Ամենաարդիականը, սակայն, փիլինգի գերձայնային և լազերային մեթոդներն են։ Դրանց առանձնահատկությունն այն է, որ մաշկը ոչ թե այրվում է, այլ գոլորշիով մաքրվում, ինչի արդյունքում այս միջամտության ընթացքում վնասվածքները բացառվում են։ Մաշկի շոգեմաքրման վերջին սերնդի սարքերը հաշվարկված են միկրոնների ճշտությամբ, ինչը հնարավորություն է տալիս խուսափելու հետվիրահատական բարդություններից և անցանկալի հետևանքներից։Հարկ է նշել, որ այս միջամտությունները ոչ միայն խթանում են վերնամաշկի (էպիդերմիսի) երիտասարդացմանը, այլև կանխարգելում են և բուժում ծերունական պիգմենտացիան։

ԿԵՆՍԱԲԱՆԱԿԱՆ ԱԿՏԻՎ ՆՅՈՒԹԵՐ ՊԱՐՈՒՆԱԿՈՂ ԿՈՍՄԵՏԻԿ ՄԻՋՈՑՆԵՐ.

մասնագետներն այն կարծիքին են, որ 25 տարեկանից հետո ցանկացած կին պետք է օգտագործի քսուքներ, որոնց բաղադրության մեջ, բացի ավանդական խոնավացնող միջոցներից, կան նաև կենսաբանական ակտիվ նյութեր, որոնք խթանում են մաշկի վերականգնողական համակարգը։ «Ուժեղ» ազդեցության կոսմետիկ միջոցներն ավելի լավ է օգտագործել քնելուց առաջ, երբ օրգանիզմը պատրաստ է այսպես կոչված «վերականգնողական» ռեժիմի։ 40-ից բարձր տարիքի կանանց մասնագետները խորհուրդ են տալիս օգտվել գեղեցկության սրահների կողմից առաջարկվող մեթոդներից, որոնցից ամենաարդյունավետն իոնոֆորեզ կոչվող մեթոդն է։ Այս միջամտությունը թույլ է տալիս կենսաբանական ակտիվ նյութերին թափանցել մաշկի ամենախոր շերտերը։ Այս մեթոդի ժամանակ օգտագործվող սարքերը նպաստում են նյութափոխանակման գործընթացների բարելավմանը և բջիջների աճին, խթանում են կերամիդների ակտիվացումը, ինչն էլ հնարավորություն է տալիս պահպանելու ձեռքերի երիտասարդությունն ու գեղեցկությունը։
ՄԵՐՍՈՒՄ. այս մեթոդն ավելի արդյունավետ է, քան մենք ենթադրում ենք։ Մերսումը զգալիորեն բարելավում է արյան շրջանառությունը, անմիջականորեն նպաստում վերնամաշկային լիպիդների աճին և մաշկի ամենախոր շերտերում խոնավության պահպանմանը։ Պետք չէ անտեսել նաև մերսման` հոգեկան աշխարհի վրա ունեցած բարերար ազդեցությունը։ Հաճելի բույրը, քնքուշ հպումները հանգստացնում են նյարդային համակարգը, ինչի արդյունքում մկանները թուլանում են, որն էլ մերսման բարեհաջող ընթացքի գրավականն է։
Մասնագետներն այն կարծիքի են, որ ամեն անգամ մատնահարդարին այցելելիս կանայք պետք է նաև ձեռքերի մերսում ընդունեն։ Մեր օրերում գոյություն ունեն մերսման արդյունավետությունը բարձրացնող մի շարք միջոցներ։ Եթե դուք նախընտրում եք ինքնամերսումը, ապա մտապահե՛ք դրա հիմնական կանոնը. ինքնամերսումը պետք է սկսել մատների ծայրից, աստիճանաբար հասնել դեպի ափերը և ավարտել ձեռքի երեսային մակերեսով։ Ինքնամերսման ժամանակ աշխատեք վանել բոլոր այն մտքերը, որոնք որևէ առնչություն չունեն տվյալ պահի հետ, այլապես առօրյա կյանքի խնդիրներով պայմանավորված հուզական լարվածությունը կարող է վերածվել մկանային լարվածության, ինչի արդյունքում կառաջանա մաշկի գերձգվածություն։ Մատների և ափերի վրա կան բազմաթիվ կենսաբանական ակտիվ կետեր, որոնք պատասխանատու են ներքին օրգանների բնականոն աշխատանքի համար։ Օրինակ, ցուցամատերը տրորելով կարելի է ձերբազատվել վատ տրամադրությունից, իսկ մատնեմատերը մերսելով` թուլացնել մագնիսական դաշտի բացասական ազդեցությունը։ Ընդհանուր առմամբ ձեռքի բոլոր մասերի պարբերաբար մերսումը թույլ կտա զգալիորեն բարելավել ինքնազգացողությունը։

Комментариев нет:

Отправить комментарий